Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Հրաչյա Հարությունյանի գործի դատական քննությունը:

1967 թվականին ծնված Հրաչյա Հարությունյանի անվան շուրջ մեր հանրապետությունում մեծ աղմուկ էր բարձրացել՝ կապված ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային ողբերգական պատահարի հետ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Հրաչյա Հարությունյանը ՌԴ Մոսկվա քաղաքում իր վարած «ԿամԱԶ»-ով երթևեկելու ժամանակ վթար էր թույլ տվել, որի հետևանքով 18 մարդ մահացել էր, մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դրանից հետո Հրաչյա Հարությունյանին մոսկովյան դատարան էին տարել ծաղկավոր խալաթով, ինչը, որպես մարդու արժանապատվության նվաստացման դրսևորում, առաջացրել էր մեր երկրի քաղաքացիների վրդովմունքը:

ՌԴ Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի դատավճռով Հրաչյա Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ու վերջին հաշվով դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հուլիսի 14-ից:

4 տարի 1 ամիս ՌԴ-ում պատիժ կրելուց հետո, 2017թվականի կեսերին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել էր Հայաստան՝ հետագա պատիժը Հայաստանում կրելու նպատակով:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ օտարերկրյա պետության վերոհիշյալ դատավճիռը ճանաչվել ու թողնվել է անփոփոխ՝ դատավճռի կատարումը Հայաստանում շարունակելու համար: Հրաչյա Հարությունյանին մեղսագրված արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ և 325 հոդվածի 1-ին մասերին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Հրաչյա Հարությունյանը պայմանական-վաղաժամկետ ազատվել է հիմնական պատժի մնացած մասը կրելուց, նրա նկատմամբ նշանակվել է փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով, և նա ազատ է արձակվել: Բայց նրա նկատմամբ սահմանված լրացուցիչ պատիժը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 3 տարով զրկվելը, շարունակել է մնալ օրինական ուժի մեջ, լրացուցիչ պատիժը չի վերացվել:

Պայմանական-վաղաժամկետ ազատումից հետո Հրաչյա Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ վարորդական վկայականը վերականգնելու նպատակով, ստացել է վարորդական վկայական՝ B, C կարգերի:

Դրանից հետո, իր խոսքերով՝ տեղյակ չլինելով, որ երեք տարով զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին վարել է իր «Մերսեդես Բենց» մեքենան, ինչի համար քրեական գործ է հարուցվել ու կարճվել:

Իր նկատմամբ սահմանված լրացուցիչ պատժի՝ ուժի մեջ լինելու մասին Հրաչյա Հարությունյանը պատշաճ կարգով ծանուցվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին: ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի բաժնում Հրաչյա Հարությունյանը հայտարարություն է տվել, թե տեղյակ է, որ վարորդական իրավունքից զրկվել է երեք տարով, պարտավորվել է դատավճռում նշված ժամկետի ընթացքում չվարել տրանսպորտային միջոցներ, ստորագրել է տվյալ հայտարարության տակ: Նույնաբովանդակ հայտարարություն նա ստորագրել է նաև 2019 թվականի հունվարի 25-ին:

Սակայն, ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունիս ամսից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Հրաչյա Հարությունյանը միասնական դիտավորությամբ Երևանում վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մեքենան, որի ընթացքում թույլ է տվել ՃԵԿ մեկ տասնյակից ավելի խախտումներ, կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 17 որոշումներ:

Դատական ակտում արձանագրված է, որ Հրաչյա Հարությունյանը, իրազեկված լինելով, որ երեք տարով զրկված է վարորդական իրավունքից, միևնույն ժամանակ ունենալով առողջական խնդիրներ ու չկարողանալով այլ աշխատանք կատարել և հոգալ ընտանիքի կարիքները, իր «Մերսեդես Բենց» մեքենան շահագործել է որպես տաքսի՝ այդ ընթացքում մի քանի անգամ խախտելով ՃԵԿ համապատասխան պահանջները: Դրանց վերաբերյալ կայացվել են վարչական տույժ նշանակելու համապատասխան որոշումներ:

Դրանից բացի՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Հրաչյա Հարությունյանը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի սկզբնամասում, հետիոտնային անցման գծանշանների վրա իր «Մերսեդես Բենց» մեքենայի առջևի հատվածով վրաերթի է ենթարկել մի տղա երեխայի: Բարեբախտաբար, ծանր հետևանքներ չեն եղել:

Դատարանում Հրաչյա Հարությունյանը զղջացել է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Հրաչյա Հարությունյանի կողմից:

Դատարանը Հրաչյա Հարությունյանին մեղավոր է ճանաչել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով՝ տրանսպորտային միջոց վարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

Հրաչյա Հարությունյանը 1 տարի 6 ամիս ժամկետով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Այս զրկման ժամկետում առկա է նաև մասնակիորեն գումարված լրացուցիչ պատիժը, որը նշանակել էր ՌԴ դատարանը:

 

/hay-life.ru