Եղիշե Չարենցն ու Վլադիմիր Մայակովսկու մահվան դիմակը

373

Հետաքրքիր ու խելագար է արվեստի աշխարհը․․․ Տիեզերքի ու բնության հետ կապ ունեցող մարդիկ՝ արվեստագետները, իրենց կերտած ֆանտաստիկ աշխարհի հետ մեկտեղ՝ նաև հանդիսանում են բնության աշխարհի մասնիկները։ Երբեմն զարմանալի է թվում, թե ինչպե՞ս են կարողանում իրարից 100, 200, 500 տարի տարբերությամբ ծնված արվեստագետներն ունենալ  հոգու նույն մասնիկներից։ Մի շարք պայծառ մտածողներ նշել են, որ արվեստն այս ու մյուս աշխարհների միջև կապն է։ Միգուցե այդպես է, միգուցե՝ և ոչ, քանի որ այս պահին թե՛ ես, թե՛ ընթերցողը չի կարող պատասխանել այս հարցին։ Որովհետև մենք ապրում ենք։

Ապրում են նաև այդ խենթերի կերտած հերոսներն ու կտավները, գրքերն ու պատմությունները։ Մյուս կողմից՝ հետաքրքիր կերպով են արվեստագետներն ազդվում միմյանցից։ Նրանք սերվում են մշակութային նույն ավազանից, սակայն ցույց տալիս իրենց տարբեր դրսևորումները։ Հայ իրականության մեջ ևս շատ են դեպքերը, երբ հայ արվեստագետն անուղղակի կերպով աշակերտել է օտարազգի մի մեծ մտածողի։ Օրինակ, Թումանյանի անուղղակի ուսուցիչներն էին Բայրոնը,Պուշկինն ու Լերմոնտովը։

Բավական է թերթել այս մեծերի մի շարք ստեղծագործությունները, և առաջին հայացքից պարզ կդառնա, թե նրանցում գործել է միևնույն հոգին։ Թումանյանի թարգմանություններում հավասարապես կա թե՛ իր, և թե՛ Պուշկինի ձեռագիրը։ Հայ իրականության մեջ եղել են նաև մարդիկ, ովքեր ինչ-որ գրողի անուղղակի աշակերտը լինելուց զատ՝ նաև ապրել են այդ ստեղծագործողի կյանքով, ունեցել նույն ապրումները, ոգևորվել նրանով, խելագարվել՝ նրա մահվան լուրը լսելով։ Այս համատեքստում ճիշտ կլինի հիշել Եղիշե Չարենցին, ում կենսագրության մութ ու գեղեցիկ էջերում կա ռուս մեծ պոետ Վլադիմիր Մայակովսկու անունը։

 

Երբ եվրոպական թատերաբեմում հայտնվեց ֆուտուրիզմը, այդ ուղղության հաջորդ և ամենաբովանդակ կանգառը դարձավ Ռուսաստանը։ Որտեղ էլ այդ ուղղության առաջնորդն էր համարվում Մայակովսկին։ Հատկանշական է, որ Արևելյան Հայաստանում՝ Երևանում, ֆուտուրիզմի ակունքներում կանգնած էր հենց Չարենցը։ Եվ շատ ժամանակ հայ գրականագետներն ու գրաքննադատները ֆուտուրիզմի մասին խոսելիս այս երկու հեղինակներին միմյանց հետ էին համեմատում։ Արդեն իսկ այս հոսանքում Չարենցը սնվում էր Մայակովսկու պոեզիայից։ Այս հարցը շատ ժամանակ գրականագետների մոտ քննարկման խնդիր է դարձել, քանի որ ոմանք նշում են, որ Չարենցը չուներ ազդեցություն Մայակովսկուց, իսկ ոմանք հակառակն են առաջ տանում։

Որքան էլ զարմանալի է, Չարենցը ռուս պոետների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ուներ։ Հատկանշական է, որ հայ բանաստեղծը յուրահատուկ պաշտամունք ուներ Պուշկինի նկատմամբ, սիրում էր Սերգեյ Եսենինին։

Ի դեպ, դեռ Եսենինի կենդանության օրոք՝ 1923 թվականին, «Պատկոմ»՝ պատանեկան պատկերազարդ ամսագրի մայիսյան համարում լույս է տեսնում Եղիշե Չարենցի «Ընկերները» բանաստեղծությունը, որի ծանոթագրություններում Չարենցը նշել է․ «Նյութը մոտավորապես վերցված է ռուս ժամանակակից պոետ Ս․ Եսենինից» («Պատկոմ» ամսագիր, 1923 թվականի մայիս)։

Չարենց-Եսենին անուղղակի կապի ամենամութ տարին դա 1925 թվականն էր, երբ սպանվում է Սերգեյ Եսենինը։ Ռուս պոետի մահը ծանր ազդեցություն է թողնում Չարենցի հոգեկան ներաշխարհի վրա։ Այդ փաստը և զուգահեռ մի շարք այլ իրողությունները պատճառ հանդիսացան, որպեսզի բանաստեղծն առաջին հայացքից անհասկանալի պայմաններում 1926 թվականին ատրճանակով կրակի Մարիանա Այվազյանի վրա ու բանտարկվի։ Հիմա խոսենք Չարենց-Մայակովսկի կապի մասին։

1930 թվականի ապրիլի 14-ին իր իսկ բնակարանում գտնում են Վլադիմիր Մայակովսկու մարմինը։ Այդ թվականներին նմանատիպ մահերը սովորաբար ստանում էին ինքնասպանություն վերնագիրը, սակայն բոլորին քաջ հայտնի էր, որ նմանատիպ դեպքերը կամ սպանություններ էին պետական իշխանությունների կողմից, իսկ դա հավանական էր, քանի որ ինչ-որ պահի Մայակովսկին պետության համար դարձել էր վտանգավոր մարդ։ Իսկ հաջորդ մեթոդը դա ինքնասպանության հասցնելն էր, որը նույնպես բնորոշ էր այդ ժամանակների խորհրդային իշխանություններին։ Մայակովսկու մահն ու հուղարկավորությունն այդ թվականների համար չտեսնված երևույթ էր։ Բոլորն էին շտապում վերջին հրաժեշտը տալ մեծ պոետին։ Մայակովսկու մահից անմիջապես հետո հանվում է պոետի մահվան դիմակը։ Դիմակի հեղինակը հայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովն էր։ Հատկանշական է, որ դիմակը Մերկուրովը նվիրել է Չարենցին, իսկ արդեն իսկ հետագայում այդ դիմակը Չարենցը նվիրել է պետության թանգարաններից մեկին։ Այդ մասին մի արժեքավոր փաստ կա «Գրական թերթում»։

«Պոետ Վ․ Մայակովսկու դիմաքանդակը հանված անդրիագործ Սերգեյ Մերկուրովի կողմից և նվիրված Եղիշե Չարենցին։ Դիմաքանդակը հանված է Մայակովսկու մահվանից երկու ժամ հետո։ Քանդակը Եղիշե Չարենցը նվիրել է Պետական կուլտ-պատմ․ թանգարանի գրական սեկտորին» («Գրական թերթ», 1932 թվական, սեպտեմբերի 20)։

Այս ամենից հետո պարզ է դառնում, թե որքա՞ն թանկ էր Չարենցի համար Մայակովսկին, ում մահվան դիմակը Մերկուրովը նվիրել է հենց Չարենցին։ Եվ հետաքրքիր է, որ այդ դիմակի իրական տարբերակը մինչ օրս պահվում է Հայաստանում՝ Մերկուրովի թանգարանում։ Ոմանց համար դա սոսկ դիմաքանդակ է, իսկ իրականում դա մի ժամանակաշրջանի, պատմության ու արժեհամակարգի կեսկենդան վկան է։ Ճակատագրի բերումով՝ Չարենցը նույնպես եղավ այդ համակարգի զոհը։ Սակայն նա մինչ օրս չունի անգամ գերեզման․․․․

Զ․ Շուշեցի

http://168.am