Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն ու 07-ը. մայր ու որդի տեղում մահացել են. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

328

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Վարդանաշեն-Երասխահուն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երասխահուն գյուղի բնակիչ, 27-ամյա Իսլամ Շաբաբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի և Մարգարա գյուղի բնակիչ Հայկ Խաչատրյանի վարած BMW մակնիշի 16 AP 600 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 07-ը կողաշրջվել է: Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ի. Շաբաբյանն ու նրա ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 66-ամյա Ազնիվ Ուզոևան տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր, Երասխահուն գյուղի բնակիչ, 18-ամյա Ռուզաննա Բաքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ BMW-ի վարորդ Հ. Խաչատրյանը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները BMW-ի վարորդին նախ մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո մահացածների մարմինները պատգարակով մոտեցրել են մյուս շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումրատակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սևակ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները մայր ու որդի էին, իսկ վիրավոր Ռ. Բաքոյանը՝ մահացած վարորդի կինն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել 07-ին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

http://shamshyan.com