«Նա ասաց, որ ուզում է ինձ «մերսումներ» անել»

1480

 

 

 

Ալինա (անունը փոխված է)՝ 36 տ.

«Նա ասաց, որ ուզում է ինձ «մերսումներ» անել»

«10 տարեկան էի, երբ հայրս մահացավ: Ես, եղբայրս և մայրս տեղափոխվեցինք Մոսկվայից Երևան: Մոտ մեկ տարուց մորս շուրջը սկսեցին տարբեր տղամարդիկ պտտվել, սիրահետել, ծաղիկներ նվիրել և այլն: Նրանց մեջ էր նաև մեր նախկին հարևանը, որը նաև մայրիկիս մանկության ընկերն էր: Ընտանիքներով ժամանակին մոտ էինք, նրա երեխաների հետ միասին ենք մեծացել: Չգիտեմ՝ ինչպես այդ մարդուն հաջողվեց «լվանալ» մորս ուղեղը, և վերջինս վաճառեց մեր բնակարանը, ու մենք նորից տեղափոխվեցինք Մոսկվա: Մոտ կես տարի անց զգացի, որ մենք գրեթե կիսաքաղցած ռեժիմով ենք ապրում, ոչ մեկը չէր աշխատում, վաճառված բնակարանի փողը հայտնի չէ, թե ուր էր անհետացել: Չորսով՝ ես, եղբայրս, մայրս և այդ տղամարդը, ապրում էինք վարձով մեկ սենյականոց բնակարանում: Մորս հետ հարաբերություններս սառն էին, ես շատ էի սիրում հորս և դժվարությամբ ընդունում այդ տղամարդուն, մայրս ինձ անշնորհակալ էր անվանում, ասում, որ ես իրավունք չունեմ իր կյանքին խառնվելու», — պատմում է Ալինան:

Ասում է, որ մինչև 13 տարեկանը որևէ բան չի հիշում, իսկ մոտ այդ տարիքից սկսվեց «մերսումների թեման»: «Մոտ 13 տարեկան էի, երբ սկսեց անընդհատ ասել, որ «մասաժ անեմ» իրեն: Դա ասում էր մորս ներկայությամբ, պնդում էր, որ ոտքերը մերսեմ, ես էլ մտածում էի, որ եթե մորս ներկայությամբ է ասում, ուրեմն նորմալ է: Մերսումները ևս արվում էին նրա ներկայությամբ: Մի անգամ, երբ արդեն 14 տարեկան էի, մայրս գիշերով տանը չէր, «խորթ հայրս» արթնացրեց ինձ ու նորից ասաց, որ «մասաժ անեմ»: Այդ սենյակում նաև եղբայրս էր քնած: Խելոք վեր կացա, սկսեցի մերսել, այդ պահին նա ասաց, որ ուզում է ինձ «մերսումներ» անել: Ենթարկվեցի, բայց ընթացքում զգացի, որ ինչ-որ ավելորդ շարժումներ է անում իմ ուղղությամբ, քաշվեցի մի կողմ, ասացի, որ չեմ ուզում ոչ մի մերսում, ուզում եմ քնել, առավոտյան պիտի դպրոց գնամ: Դրանից հետո մորս ներկայությամբ մերսումները շարունակվեցին: Դա տևել է 5 տարի, նա երբեք չի աշխատել, ամբողջ օրը վարտիքով նստած էր տանը, այնպես, որ տեսնեմ նրա սեռական օրգանները», — ասում է Ալինան:

20 տարեկանում նա միայնակ սովորում, աշխատում և պահում էր ընտանիքը: Իսկ «խորթ հայրը» միայն պահանջում էր, երբեմն էլ ինչ-որ բան փորձում արգելել Ալինային, օրինակ՝ մոտ ընկերոջ հետ գնալ զբոսնելու:

«Այդպիսի հերթական դեպք վերածվեց սկանդալի, բոլորը նորից սկսեցին ինձ կոչել անշնորհակալ, ես էլ չդիմացա ու պատմեցի այն գիշերվա ընթացքում կատարվածը: Մայրս չհավատաց, տղամարդն էլ սկսեց ինձ հայհոյել՝ ասելով, որ իմ «փչացած մտքերը» փաթաթում եմ նրա վզին: Դրանից հետո աշխատում էի չշփվել ոչ նրա, ոչ մորս հետ: Իսկ 22 տարեկանում ամուսնացա մոտ ընկերոջս հետ զուտ, որ փախչեմ տնից: Դրանից միայն 2 տարի անց սեքս ունեցա ամուսնուս հետ», — ասում է Ալինան՝ բացատրելով, որ նրա հետ պատահածը ծանր հետևանքներ է թողել՝ ընդհուպ մինչև վագինիզմ (փոքր կոնքի և հեշտոցի մկանների անկառավարելի, ջղաձգային ու ռեֆլեկտոր բնույթի կծկումներ սեռական ակտի փորձի ընթացքում):

Ալինայի խոսքով՝ նրա մոր աչքերը «բացվեցին» միայն մի քանի տարի անց, երբ տղամարդը զրկեց նրան ողջ ունեցվածքից, դավաճանեց մի շարք կանանց հետ, իսկ ընկերուհիներից ոմանք պատմեցին, որ «երկիմաստ ակնարկներ է անում» նրանց դստրերին:

«Առաջին նորմալ սեքսը՝ առանց վախերի, կծկումների և այլ խնդիրների, ունեցել եմ 30 տարեկանում: Մայրս մինչև հիմա չի հասկանում՝ ինչու եմ այդքան սառն իր հետ: Չգիտեմ՝ ինչպես կդասավորվեր իմ կյանքը, եթե այդ ամենը չլիներ: Չեմ ափսոսում, որ ամուսնացել եմ ընկերոջս հետ, թեև մեր հարաբերությունները որպես կին և տղամարդ այդպես էլ չկայացան: Բայց չէի ուզի, որ նման բանի միջով անցած ուրիշ կանայք իմ պես անեին կյանքի կարևոր քայլերը զուտ ծանր իրականությունից փախչելու համար», — եզրափակում է Ալինան:

 

 

https://life.mediamall.am/?id=205976