«Եկավ նստեց կողքիս, ապա սկսեց համբուրել վիզս». Մանկապղծության պատմություն

1750

Լիանա (անունը փոխված է)՝ 24 տ.

«Եկավ նստեց կողքիս, ապա սկսեց համբուրել վիզս»

«24 տարեկան եմ, ու երբևէ չեմ ենթարկվել սեռական ոտնձգության օտար տղամարդու կողմից: Փոխարենը նման բան եղել է իմ ոչ այնքան հեռու բարեկամի կողմից: Մենք երկու հարազատ եղբայրների թոռներ ենք, տարիքային տարբերությունը՝ մոտ 10 տարի: Բայց մեծացել ենք իրար հետ, ավելի ճիշտ՝ ես մեծացել եմ իր աչքի առաջ: Մեր ամառանոցները միևնույն տարածքում էին գտնվում: 11 տարեկան էի, ամառ էր, նրանք վերանորոգում էին իրենց տունը, և տանը բացի «եղբորիցս» ու վերանորոգումը կատարող վարպետներից այլ մարդ չէր լինում: Ես հաճախ էի գնում այնտեղ, եղբորս սիրում էի, հետը մտերիմ էի և ընդհանրապես որևէ վտանգ չէի սպասում իրենից: Մի անգամ, երբ իրենց տան հյուրասենյակում հեռուստացույց էի նայում, եկավ նստեց կողքիս, ապա սկսեց համբուրել վիզս: Դա ինձ դուր եկավ: Նա շարունակեց պրոցեսն այնքան, որ հետո վզիս կապտուկներ առաջացան: Հասկանում էի, որ պիտի թաքցնեմ դրանք մերոնցից: Հետո մի օր, երբ էլի իրենց տանն էի, եկավ ու պոռնո ֆիլմ միացրեց: Ամաչեցի ու փախա սենյակից», — պատմում է Լիանան, նշելով, որ հասկանում էր՝ այն ինչ կատարվում է, նորմալ չէ, բայց չէր կարող որևէ մեկին պատմել:

«Մի անգամ էլ, երբ իրենց լոգասենյակում էի (այդ ժամանակ տանն այլ մարդիկ էլ կային, չէի վախենում, որ որևէ բան կպատահի) տեսա, որ հեռախոսը մի թաքուն տեղ դրած միացրել է՝ ինձ նկարահանելու համար: Անջատեցի ու էլի փախա այդտեղից: Մի անգամ էլ իր հեռախոսում գտա կարճ պոռնոհոլովակներ՝ երեխաների մասնակցությամբ: Հետագայում շատ եմ համացանցում փնտրել նման հոլովակներ ու չեմ գտել: Դա հավանաբար հենց իր նկարածներն էին: Ես սկսել էի վախենալ նրանից, նրանց տուն չգնալ: Մի օր էլ չդիմացա և ամեն ինչ պատմեցի տատիկիս: Տատիկս էլ վախեցավ, որ եթե դա իմանա, օրինակ, հայրս, արյունահեղություն կլինի: Ու ամեն ինչ պատմեց տղայի հորաքրոջը: Դրանից մի քանի ամիս անց տղան ամուսնացավ (ավելի ճիշտ կլինի ասել՝ ամուսնացրին) 17 տարեկան մի աղջկա հետ, որից հետո նա դադարեց իմ հանդեպ որևէ բան անել: Գործողություններից և որևէ մեկը հետագայում չկրկնվեց: Հիմա երկու երեխա ունի և Հայաստանում չի էլ ապրում: Երբ տարին մեկ գալիս է Հայաստան, ինձ տեսնելիս ասում է՝ «ո՞նց ես, բալես»: Թշնամանք չեմ զգում իր նկատմամբ, թեև հասկանում եմ, որ ամեն ինչ կարող էր սարսափելի հետևանքներ ունենալ, շատ ավելի ծանր մարսելի: Եվ հավանաբար ինձնից բացի այլ զոհեր էլ կան, որոնց մասին, միգուցե, ոչ մեկը չգիտի», — հիշում է Լիանան: Նա համարում է, որ իր բախտը բերել է, որ կարողացել է կատարվածի մասին պատմել տատիկին: