Երեք տղաներ, տեսնելով կնոջը սեռական հարաբերություն ունենալու պահին, պահանջել են, որ իրենց ևս «սպասարկի»

6628
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Հարութ Ս.-ի, Հովիկ Կ.-ի ու Ռազմիկ Խ.-ի գործի դատական քննությունը:
Մեղսագրված արարքի կատարման պահին երեք ամբաստանյալներից չափահաս էր միայն 1999 թվականի սեպտեմբերին ծնված Հարութ Ս.-ն, մյուս երկուսը՝ ծնված 2000 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին, անչափահաս են եղել:
Հարութ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, իսկ Հովիկին ու Ռազմիկին մեղադրանք է առաջադրված շորթմանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն էր չհեռանալու մասին:
Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի 26-ին, ժամը 20-ի սահմաններում Հարութ Ս.-ն իր անչափահաս ընկեր Ռազմիկի հետ Վայք քաղաքի ոստիկանության բաժնի շենքին հարակից այգում տեսել է համաքաղաքացի Սվետային (անունը փոխված է)՝ անծանոթ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալու պահին:
Հարութը, մտածելով, որ իրենք էլ կարող են Սվետայի հետ սեռական հարաբերություն ունենալ, Ռազմիկի ու իրենց միացած Հովիկի հետ հետապնդել են այգուց հեռացող Սվետային:
Վայքի շենքերից մեկի շքամուտքի մոտ տղաները, ըստ մեղադրանքի, Սվետային կանգնեցրել են: Հարութը, հայտնելով, թե իրենք ինչին են ականատես եղել, առաջարկել է, որ Սվետան իրենց էլ «սպասարկի»՝ սեռական հարաբերություն ունենա նաև իր ու իր ընկերների հետ:
Սվետան մերժել է:
Հարութը նոր առաջարկ է արել՝ Սվետան թող իրենց հետ սեռական հարաբերություն ունենա, իրենք կվճարեն 10 հազար դրամ:
Սվետան այս առաջարկությունն էլ է մերժել:
Հարութը, ըստ մեղադրանքի, պայմանավորվել է իր անչափահաս ընկերների հետ, որ Սվետայի հասցեին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով նրանից զգալի չափի գումար շորթեն:
Հովիկն իրենց տանից թուղթ է բերել, որի վրա Սվետայի վերաբերյալ արատավորող տեղեկություններ է գրել: Նա թուղթը հանձնել է Հարութին:
Ապա Հարութն ու Հովիկը, ըստ մեղադրանքի, ժամը 21-ի սահմաններում բարձրացել են Սվետայի բնակարանի դռան մոտ, իսկ Ռազմիկը մնացել է շքամուտքի դռան մոտ, որ մարդ գալուն պես հազալու միջոցով ազդանշան տա ընկերներին:
Հարութը թակել է Սվետայի բնակարանի դուռը, Սվետան բացել է: Հովիկը, Սվետայի կողմից չճանաչվելու համար, կանգնել է աստիճանահարթակին՝ դեմքը բրդե գլխարկով փակած:
Հարութը, ըստ մեղադրանքի, ցույց է տվել թղթի վրա իրենց գրածը ու պահանջել է, որ Սվետան իրենց տա 10 հազար դրամ, այլապես իրենց ձեռքի թուղթը կփակցեն նրա շենքի շքամուտքի դռանը:
Սակայն Սվետան տղաներին գումար չի տվել, նրանց որևէ պահանջը չի կատարել: Այդ պահին լսվել է Ռազմիկի հազի ձայնը՝ շքամուտք մարդ է մտել: Հարութն ու Հովիկը հեռացել են Սվետայի դռան մոտից:
2018 թվականի փետրվարի 13-ին քրեական գործ է հարուցվել շորթման հատկանիշներով
Հարութ Ս.-ն նախաքննության ընթացքում իր մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Նա ցուցմունք է տվել, որ իրենք՝ երեք ամբաստանյալները, դասընկերներ են: Հաճախ երեկոները միասին դուրս են եկել զբոսնելու:
2018 թվականի հունվարի 26-ին, ժամը 20-ի սահմաններում ինքը զանգել է Ռազմիկին ու Հովիկին, պարզել է, որ նրանք Վայքի մանկական ստեղծագործական կենտրոնի մոտ են: Այնտեղ հանդիպել են: Իրենք նկատել են մի անծանոթ կնոջ, ով զինվորի հագուստով տղամարդու հետ քայելով իջել է ոստիկանության Վայքի բաժնի դիմացի անտառ: Իրեն ու Ռազմիկին հետաքրքրել է, թե նրանք ինչու այդ ժամին գնացին անտառ, իսկ Հովիկը գնացել է տուն՝ հաց ուտելու: Ինքն ու Ռազմիկն այդ զույգի հետևից գնացել են անտառ, ձայներ են լսել ու տեսել են, որ զույգը սեռական հարաբերություն է ունենում: Իրենք կանգնել ու նայել են: Հետո զույգը նույն ճանապարհով վերադարձել է, իրենք էլ՝ նրանց հետևից: Մանկական ստեղծագործական կենտրոնից ոչ հեռու իրենց է միացել նաև Հովիկը: Իրենք նրան պատմել են, թե ինչի ականատես են եղել: Երեքով որոշել են հետևել այդ զույգին: Նրանք հասել են Վայքի հրապարակ, այնտեղ բաժանվել են:
Իրենք որոշել են հետևել կնոջը: Նա հասել է մի շենքի շքամուտքի, ցանկացել է ներս մտնել: Հովիկը մնացել է դրսում, ինքն ու Ռազմիկը մոտեցել են այդ կնոջը, խնդրել և առաջարկել են, որ նա իրենց հետ էլ սեռական հարաբերություն ունենա: Այդ կինը բարկացել, կոպտել ու անպատվել է իրենց և աստիճաններով վերև է բարձրացել: Ինքն ու Ռազմիկը բարձրացել են նրա հետևից, բնակարանի դուռը ծեծել են: Նույն կինը բացել է դուռը, իրենք առաջարկել են նրան տալ 10 հազար դրամ, որ նա իրենց հետ սեռական հարաբերություն ունենա: Կինը նորից բարկացել է, բղավել, անպատվել է իրենց ու դուռը փակել է:
Իրենք ցած են իջել, մտածել են՝ այդ կինը չի ուզում իրենց հետ սեռական հարաբերություն ունենալ, քանի որ տանը մենակ չի, միգուցե ամաչում է: Որոշել են թղթի վրա գրել իրենցից մեկի հեռախոսահամարը ու գումարի հետ փոխանցել այդ կնոջը:
Քանի որ ամենամոտը Հովիկենց տունն էր, նա գնացել, թուղթ ու գրիչ է բերել, թղթի վրա գրել են իր կամ Հովիկի հեռախոսահամարը, ցանկացել են գումարի հետ տանել ու հանձնել կնոջը:
Ռազմիկը մնացել է դրսում, ինքն ու Հովիկը բարձրացելու թակել են կնոջ բնակարանի դուռը: Կինը բացել, իրենց տեսել ու ավելի է բարկացել, սկսել է գոռգոռալ, անպատվել: Ինքը ցանկացել նրան բացատրել, թե ինչի համար են այնտեղ, բայց նա անընդհատ բղավել է: Ինքն էլ է բարձր խոսել, բայց կինը չի ցանկացել լսել: Ինքը հասկացել է, որ անիմաստ է շարունակելը, բացի այդ՝ մարդ է մտել շքամուտք, իրենք հեռացել են:
Գործի դատական քննության ընթացքում Հարութ Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, ներողություն է խնդրել տուժողից և հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց:
Հովիկ Կ.-ն նախաքննության ընթացքում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Նա ասել է, թե ենթակա է զորակոչման: Ըստ Հովիկի՝ իրենք, քայլելով կնոջ հետևից, մտածել են՝ քանի որ նա անտառում նման քայլ է կատարել, ուրեմն անբարոյական է, իրենց հետ էլ սեռական հարաբերություն կունենա…
Երբ ինքն ու Հարութը բաձրացել են այդ կնոջ բնակարանի մուտքի մոտ, որ գումարի դիմաց առաջարկեն իրենց հետ սեռական հարաբերություն ունենա, ինքը մնացել է մթության մեջ կանգնած՝ գլխարկով մասամբ փակել է դեմքը, որ իրեն չճանաչեն…
Երբ կինը դուռը բացել ու Հարութին տեսել է, սկսել է գոռգոռալ, նա չի լսել, թե ինչ է ասում Հարութը: վերջինս փորձել է նրան տալ իրենց հեռախոսահամարով թուղթն ու 10 հազար դրամը, բայց կինը չի վերցրել: Հարութը գոռալով ասել է. «Ի՞նչ անեմ՝ կպցնեմ պատի՞ն էս թուղթը, որ հասկանաս, թե ինչ եմ ասում»: Կինն իրեն շատ ագրեսիվ է պահել, այդ ժամանակ մարդ է մտել շքամուտք, իրենք արագ իջել ու հեռացել են:
Դատարանում Հովիկ Կ.-ն նույնպես իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ներողություն է խնդրել տուժողից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Ռազմիկ Խ.-ն ևս նախաքննության ընթացքում իր մեղավորության վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Նա նույնպես զորակոչի ենթակա է եղել, տվել է ընկերների ցուցմունքներից չտարբերվող ցուցմունք: Դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, ներողություն է խնդրել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Տուժող կինը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ դեպքի օրը երեկոյան ինքը դուրս եկել զբոսանքի, տունդարձի ճանապարհին զգացել է, որ իր հետևից մարդիկ են քայլում: Սկզբում ուշադրություն չի դարձրել: Երբ հասել է իրենց շքամուտքին, հետևից եկողներից մեկը ասել է.
«Սպասի, խոսալու բան կա»: Ինքը չի կանգնել, սկսել է բարձրանալ աստիճաններով՝ բարկացած ասելով՝ ո՞վ ես, ի՞նչ ես ուզում ինձանից: Նա նորից կրկնել է, թե խոսելու բան կա: Ասել է, թե ցանկանում է, որ ինքը նրանց հետ սեռական հարաբերություն ունենա: Ինքը վախեցած տուն է մտել, քանի որ իր հետ խոսողը մենակ չէր՝ երեքով էին: Տուն մտնելուց հետո բնակարանի դուռը ծեծել են: Ինքը բացել է, տեսել է մի հոգի դռան առաջ է կանգնած, երկուսը ներքևում են: Հասկացել է, որ իրեն հետապնդած տղաներն են: Բարկացած հարցրել է՝ ի՞նչ եք ուզում: Տղան ասել է, թե սեռական հարաբերություն է ուզում և 10 հազար դրամ կտա դրա համար: Ինքը կոպտել է, պահանջել է, որ նա հեռանա: Դուռը փակել է, տղաներն իջել են:
Ժամը 21-ի սահմաններում դուռը նորից ծեծել են: Նույն տղան էր դռան առաջ կանգնած, իսկ ներքևում երկրորդն էր՝ դեմքը գլխարկով ծածկած: Իր դիմաց կանգնած տղան ձեռքի մեջ սպիտակ թուղթ է ցույց տվել, որի վրա գրված էր. «անբարոյական, պուտանկա»: Մյուս գրածն ինքը չի տեսել:
Այդ տղան թուղթն իջեցրել է ու իրեն հանգիստ ասել է, որ ինքը նրան տա 10 հազար դրամ, հակառակ դեպքում այդ թուղթը կփակցնի շքամուտքի պատին, իրեն կվարկաբեկի, իր հարազատներին, բոլորին կասի, որ ինքն անբարոյական է: Ինքը նրան հարցրել է՝ իր անունը գիտի՞, որ իրեն վարկաբեկում է: Տղան պատասխանել է, թե չգիտի: Ինքը սկսել է գոռգոռալ, քանի որ տղայի սպառնալիքն իրական է եղել, ինքը վախեցել է, բայց գումար չի տվել, պահանջել է, որ հեռանան: Այդ ժամանակ ներքևից հազի ձայն է լսվել, տղաները շրջվել ու փախել են: Նրանց հետ ինքն այլևս առնչություն չի ունեցել, հետագայում իրեն հրավիրել են ոստիկանություն, որտեղ ինքը հաղորդում է տվել կատարվածի մասին:
Տուժողը դատարանում ասել է, թե նախաքննական ցուցմունքը ճիշտ է:
Դատարանը տեղեկանք է ստացել զինկոմիսարիատից, որ Հովիկ Կ.-ն ու Ռազմիկ Խ.-ն զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության…
Դատարանը Հարութ Ս.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, պայմանական դատապարտություն է կիրառել և սահմանել է փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամանակով:
Հովիկ Կ.-ն և Ռազմիկ Խ.-ն մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել են 1 տարի ազատազրկման, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1-ական տարի ժամանակով:
Զինվորական ծառայության ընթացքում նրանց վարքի նկատմամբ հսկողությունը կիրականացնի զորամասի հրամանատարությունը