Ինչ է անելու Քոչարյանը. Շրջադարձային որոշում

919

 

Ինչ է անելու Քոչարյանը.

 

 

Lragir.am-ը գրել է.

Վերաքննիչ դատարանը կայացրել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշում՝ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց: Այդ որոշումը հասկանալի պատճառով փոթորկել է առանց այդ էլ թեժացած ներքին կյանքը…

Կասկած չկա, որ այժմ աշխույժ շրջանառության մեջ են դրվելու «հեղաշրջումների», «հակահեղափոխության» եւ այլ վարկածներ: Այդ ամենը Հայաստանի հետհեղափոխական կյանքում կրում է քրոնիկ բնույթ, քանի որ երկու տարի անց՝ մի շարք օբյեկտիվ, եւ գերակշռող առումով սուբյեկտիվ պատճառներով հանրային գիտակցությունն ու հոգեբանությունը ոչ թե ամրացել է, ոչ թե քաղաքականացել պետական խնդիրների եւ գլոբալ մարտահրավերների համատեքստում, այլ «վարակվել» վախով եւ անվստահությամբ…

Ներքաղաքական զարգացումները հանրությունը դիտարկում է այդ պրիզմայով, որից դուրս գալ չեն թողնում ներքաղաքական խաղի գրեթե բոլոր մասնակիցները, յուրաքանչյուրն իր շարժառիթով…

Իրականում, որքան էլ տարօրինակ հնչի, առկա իրավիճակում գործ ունենք թերեւս բավականին նուրբ մի խաղի հետ, որտեղ կարող ենք անել առաջին հայացքից առեղծվածային պնդում. «Ռուսաստանը հանձնեց Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանն ազատեց նրան»…

Այդ արտահայտությունն առաջին հայացքից կարող է հանրային ականջին շատ խորթ հնչել, հաշվի առնելով, թե այս տարիներին ինչեր է լսել հանրային ականջը քաղաքականության մասին, կամ լսել է ամեն ինչ, քաղաքականությունից բացի…

Ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը հեղափոխությունից կարճ ժամանակ անց Հայաստանում կալանավորվել է, որովհետեւ դրան չի խանգարել Ռուսաստանը, ինչպես խանգարել է մարտիմեկյան գործի եւ այլ հնչեղ գործերի մի շարք «հերոսների» դեպքում…

Երեւանի համար այդ հանգամանքն ընդունելի էր, նկատի ունենալով հետհեղափոխական քաղաքական այն խնդիրները, որ կային Նիկոլ Փաշինյանի առաջ, այդ թվում ՌԴ հետ հարաբերության տրանսֆորմացիայի առումով…

Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ թավշյա հեղափոխությունը որպես գործընթաց եւ արդյունք ընդունած Ռուսաստանն ամենեւին մտադիր չէ ընդունել այն իբրեւ հեռանկար եւ նոր իրողություն: Ռուսաստանում կա Հայաստանի հանդեպ վերնախավային մտածողության փոփոխություն, որը երկարաժամկետ ջանք պահանջող գործընթաց է…

Այդ համատեքստում, ժամանակի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը սկսեց խաղալ ավելի շուտ Հայաստանի դեմ, քան օգտին, պարզ դարձնելով, թե ինչու Ռուսաստանը չխոչընդոտեց, եւ ավելին՝ խթանեց նրա կալանքը: Հիշենք Լավրովի հայտնի հայտարարությունը 2018-ի հուլիսին…

Գործնականում, Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի ինքնիշխանության դեմ նկրտումների «ծածկոց», ինչն առավել քան ակնառու է վերջին շաբաթներին ծավալվող իրողությունների պարագայում: Երեւանը դրանց տվեց կոշտ արձագանք, այն բանից հետո, երբ խաղին վճռականորեն ներգրավվեց Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ով: Դրանից հետո դատարանում դնելով Ծառուկյանի կալանավորման հարցը, դատարանում կայացվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վճիռ…

Այդ վճիռը կայացնում է Հայաստանի Հանրապետությունը, ներքաղաքական շրջադարձային փուլի կիզակետում: Եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից չէ Հայաստանի դեմ խաղին, նա կամա թե ակամա ներգրավվելու է այդ խաղի դեմ՝ իր քաղաքական խնդիրների եւ շարժառիթների համատեքստում, անկասկած հիանալի պատկերացնելով թե իրեն հանձնողին, թե խափանման միջոցը փոխողին…

Եթե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ինքնիշխանության դեմ խաղի մասնակից է, ապա նրան դնում են մի վիճակում, երբ կալանատնից դուրս գալուց հետո ստիպված է գնալ եւ միանալ այդ խաղին, այս անգամ չմնալով ստվերում, ինչպես 2012-15 թվականներին…

Ինչ կանի երկրորդ նախագահը խափանման միջոցի փոփոխությունից հետո, ինչպես կգնահատի իրավիճակը, եւ իր այն վարկը, որի մասին այդքան ելույթներ է ունեցել դատարանում: Այդ վարկը գործնականում քիչ կապ է ունեցել նրա անցյալ քաղաքական գործունեության հետ, բայց նա հնարավորություն ունի այդ վարկի հետ կապել ապագան…