ՌԴ-ում ոստիկանը հրաշքով փրկել է մեքենայից դուրս ընկած 3 տարեկան տղային

1435

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում իրավապահը օրերս մահից փրկել է երեք տարեկան մի տղայի:

Այս մասին հաղորդել է երկրի մարզային ոստիկանությունը, հայտնում է RenTV- ն:

Տեղական ՆԳՆ խոսնակի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել Բիյսկայա և Պավել Մորոզով փողոցների խաչմերուկում: Միկրոավտոբուսի վարորդը խախտել է երթևեկության կանոնները: Այդ ընթացքում բախվել է հանդիպակաց ընթացող մեքենային:Նախնական տեղեկություններով՝ միկրոավտոբուսը վարող տղամարդը կորցրել է գիտակցությունը: Տրանսպորտային միջոցը շարունակել է շրջանաձև շարժվել:

Հանկարծ առջևի ուղևորի բաց պատուհանից մի երեխա է դուրս ընկել ճանապարհի վրա: Երեխան կարող էր ցանկացած պահի անիվների տակ հայտնվել:

Դա նկատել է ՆԳՆ-ի քաղաքային ծառայության քրեական հետապնդման օպերլիազորը: Նա դուրս է վազել մեքենայից, բռնել երեխային և տեղափոխել իր մեքենայի մեջ:

Մի քանի վայրկյան անց անվերահսկելի միկրոավտոբուսն անցել է այն հատվածով, որտեղ եղել է երեխան:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ երեխան նստած չի եղել երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղին: