Արտառոց դեպք Գյումրիում․ թափառող 6-7 շներ գզել են երկուս ու կես տարեկան երեխային և․․

1456

Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը Գյումրու «Մուշ» թաղամասում թափառող վեց-յոթ շներ հարձակվել են երկուս ու  կես տարեկան երեխայի վրա՝  նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով։
Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից  էլ՝  մայրաքաղաք։

Մեր այս տեղեկությունը հաստատեց «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը։

Նա ասաց, որ իրենք առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, բայց քանի որ երեխան պարանոցի շրջանում կծած վերքեր ուներ ու նեղ մասնագիտական օգնության կարիք կար, նրան տեղափոխել են մայրաքաղաք՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նշենք, որ փողոցային շների թեմայով անընդմեջ բողոքներ ենք ստանում․ այսօր հերթական բողոքը ստացել ենք Գյումրու Շիրազի անվան փողոցի բնակիչներից մեկից, որը նեղվում էր, թե քաղաքի պատմական կենտրոնի տերն ու տիրականը թափառող շներն են դարձել։ Ըստ քաղաքացու, երեկոյան ժամերին տնից դուրս գալ հնարավոր չէ, նրա բառերով ասած՝ շների իշխանություն է։

Մեզ ահազանգած քաղաքացին, կողմ լինելով Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրենքի ընդունմանը, որ քրեորեն պետք է պատժվեն թափառող կենդանիների վրա ձեռք բարձրացնողները, միաժամանակ նեղվում է, որ օրենքն ընդունելիս՝ պետք է հաշվի առնեին թափառող կենդանիների համար ապաստան ստեղծելու հարցը։

Ըստ քաղաքացու՝ այդ օրենքով ստացվում է, որ շունն ավելի պաշտպանված է, քան մարդը, երեխաները։ «Ես ինքս այնքան խղճով եմ, որ կերակրում եմ փողոցային շներին, բայց շների մեծ ոհմակ է թափառում քաղաքի կենտրոնում։

Եկեք, տեսեք ինչ է կատարվում։ Կես մարդ եմ դառնում, մինչև տնից դուրս եմ գալիս։ Մի քանի օր առաջ մեր տան հարևանությամբ գտվող ատամնաբուժարան մտնելիս՝ շունը կծել էր պացիենտի ոտքը։ Հենց երեկ էլ Ռիժկովի ճեմափողոցի շենքի մուտքից մի ջահել աղջիկ իր երեխայի հետ դուրս եկավ, շներն էնպես հարձակվեցին, երեխան ճչում էր, լավ է մի քանի ջահել տղաներ կային, հասան օգնության։

Չգիտենք ուր դիմենք, զանգում ենք Գյումրու քաղաքապետարան, երեք անգամ էլ դիմում ենք ներկայացրել քաղաքապետարան, բայց այս մարդիկ էլ անկարող են մի բան անել, օրենքը կաշկանդում է, ապաստան էլ չունեն, որ տանեն, տեղավորեն։ Շները մարդկանցից շատ են։ Ցերեկը հանգիստ է համեմատաբար, բայց հենց մութն ընկնում է, շների թագավորություն է, անհնար է ելումուտը։

Ես նորից եմ ասում, չեմ ուզում սխալ ընկալվի բողոքս, ինքս դեմ եմ թափառող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին, այնպես չէ, որ չար եմ, ուզում եմ շներին սատկացնեն, կրակեն, ո՛չ, խոսքս այդ մասին չէ, ուղղակի շատ արագ պիտի մտածել ինչ անել, գոնե մի տեղ հավաքեն կենդանիներին։ Ու այս ձևով էլ Գյումրիում զբոսաշրջություն ենք զարգացնո՞ւմ»։