«COVID-19-ի բուժման դեպքում և՛ անտիբիոտիկ է պետք տալ, և՛ արյան մակարդելիությունն իջեցնող դեղորայք, որն արվում է…». անոթային վիրաբույժ

2772

Վերջին շրջանում կորոնավիրուսի հետ կապված հերթական վարկածն է առաջ քաշվում. COVID-19-ի հարուցած ծանր բարդությունների գլխավոր պատճառը վիրուսի սադրած թրոմբոզն է: Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած առաջին կնոջ մահվան անմիջական պատճառը հենց պոկված թրոմբն էր: Այդ ժամանակ բոլորը համարեցին, որ COVID-19-ի հետ դա ոչ մի կապ չունի, բայց պարզվեց՝ կապ, այնուամենայնիվ, կա:

Ի դեպ, վերջերս ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց կորոնավիրուսի առկայությամբ մահվան դեպքերի վերաբերյալ, որտեղ նշված էր այլ պատճառով մահերից մեկի մասին, որը եղել է մայրական մահ. 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։

Ապրիլի վերջին «The Lancet» ամսագրում լույս տեսավ մի հոդված՝ չինացի հետազոտողների արդյունքներով, որտեղ նրանք պնդում էին՝ կորոնավիրուսը, նախ և առաջ՝ վտանգավոր է նրանով, որ հարուցում է թրոմբոզ:

168.am-ի հետ զրույցում անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը նշեց, որ, իրապես, այս վիրուսի դեպքում փոխվում է արյան մակարդելիությունը, այսինքն՝ խտանում է արյունը, և առաջանում թրոմբ, և ՀՀ-ում կորոնավիրուսը բուժելիս այս փաստը հաշվի առնվում է:

«Սա անոթի պատճառով չէ, փոխվում է արյան մակարդելիությունը: Նման բան կա: Արդեն բավականին ժամանակ մեր բժիշկները հաշվի առնում են այս փաստը: Այնտեղ և՛ անտիբիոտիկ է պետք տալ, և՛ հաշվի առնել միկրոթրոմբոզների ֆակտորն ու արյան մակարդելիությունն իջեցնող դեղորայք տալ, որն անում են»,- շեշտեց նա:

Իսկ թե քանի նման դեպք է գրանցվել ՀՀ-ում, երբ կորոնավիրուսը հենց արյան մակարդելիության և թրոմբոզի խնդիր է առաջացրել, բժիշկ Քամալյանն ասաց, որ կոնկրետ թիվ չի կարող նշել, քանի որ չի զբաղվում կորոնավիրուսի բուժմամբ:

«Ես կարող եմ միջազգային պրակտիկայից խոսել. սկզբում թվում էր՝ դա թոքաբորբ է, հիմա գնում են այն մտքին, որ դա այնքան էլ թոքաբորբ չէ, թրոմբոզներ են: Իհարկե, այս ամեն ինչը էքսպերիմենտալ է, դեռ հստակ վիճակագրություն չկա»,- նշեց անոթային վիրաբույժը:

Տիգրան Քամալյանն ասաց, որ մարդկանցից պահանջվում է ժամանակին դիմել բժշկի, քանի որ իրենք իրենցով ոչ մի բան չեն կարող կանխարգելել:

Հարցին՝ բաց տարածքում, և այն էլ՝ շոգին, որքանով է տեղին դիմակների կրումը, և ինչ ռիսկեր է առաջացնում այն մարդկանց համար, որոնք անոթային խնդիրներ ունեն, Տիգրան Քամալյանն ասաց, որ բաց տարածքում պետք չէ դիմակ կրել, եթե մարդիկ իրար մոտ կանգնած չեն:

«Եթե սոցիալական հեռավորություն չկա, որևէ կապ չունի դուրսն ու ներսը, իսկ եթե դրսում են, և պահվում է անհրաժեշտ հեռավորություն, կարելի է դիմակ չկրել»,- ընդգծեց նա: