Հիմա չբավարարվող  կանայք կմտածեն` «չկա չբավարարվող կին, կա անճար տղամարդ», իսկ ինքնավստահ տղամարդիկ էլ կմտածեն՝  «այդ չբավարարվող կանայք պարզապես իմ՝ սեքսուալ հանճարիս, ձեռքը չեն ընկել»` նույնիսկ չկասկածելով, որ կանանց մեծ մասը բարի է ու նախընտրում է լռել կամ այդ տղամարդուց հրաժարվել, քան նրա անճարությունը մատնանշել:

Ինչեւէ, կնոջ օրգազմն ամենաարդիական խնդիրներից է սեքսում:

Բայց այստեղ որոշել եմ ես էլ լռել տղամարդկանց հմտությունների մասին ու թվել կնոջ օրգազմի թշնամիներին լրիվ այլ ոլորտներից:

Կանա՛յք, եկեք մինչեւ տղամարդկանց «քլնգելը» մեզ ու մեր օրգանիզմն ուսումնասիրենք, աշխատենք այդ ուղղությամբ, հետո հանգիստ խղճով հարձակումներ կազմակերպենք տղամարդկանց վրա:):

1.ՍԹՐԻՆԳԵՐ, ԿՈՐՍԵՏՆԵՐ…

Սրանք, իհարկե, շատ գայթակղիչ տեսք ունեն, բայց վստահեցնում եմ, եթե փոխարինեք բամբակյա ներքնազգեստով կամ շորտատիպ տարբերակներով, սեքսուալ վամպիր դառնալու (ոչ թե երեւալու) շանսերն անգամներով կմեծանան: Ինչո՞ւ: Կիպ ու սեղմող ներքնազգեստը կարող է խախտել երակային շրջանառությունը: Արդյունքում արյան հոսքը հեշտոցից սկսվում է հենց սեքսի ընթացքում, եւ օրգազմի համար անհրաժեշտ ճնշումն անոթներում չի ստեղծվում: Մենք գրգռվում ենք, բայց գործը լիցքաթափման այդպես էլ չի հասնում:

2.ԹՈՒՅԼ ՄԿԱՆՆԵՐ

Մենք «ֆայմում» ենք մարզել մեր մարմնի մկանները, բայց որպես կանոն չենք մարզում հեշտոցի մկանները: Մինչդեռ կնոջ օրգազմը մկանային պարզ կծկում է: Դե, ուրեմն Կեգելի վարժությունները` մեզ փարոս եւ օգնական: (Չալարե՛նք, գուգլե՛նք ու պարզե՛նք՝ ինչ է դա: Մարզե՛նք մեր սեռական օրգանն ու չմեղադրե՛նք տղամարդուն): Չնայած՝ պարբերական սեքսը (շաբաթական 3 անգամից ոչ պակաս) նույնպես հիասքանչ վարժություն է:

3.ԱՆԿԱՆՈՆՈՒԹՅՈՒՆ

Եթե մեքենա վարելու գնանք ամիսը մեկ անգամ, բնականաբար, երբեք չենք սովորի: Նույն տրամաբանությունը սեքսում է. hազվադեպ սեքսը բերում է հեշտոցի առաձգականության նվազմանը, քսուք արտադրող գեղձերի աշխատանքի խաթարմանը: Կայուն օրգազմի համար կայուն փորձ է պետք: Այնպես որ մինչեւ ԱՅՍՕՐ հերթական անգամ  «հավես չունեմ», «գլուխս ցավում է», «հոգնած եմ, թող մնա վաղը» ասելը մտածեք, որ ՎԱՂԸ բողոքելու եք օրգազմի բացակայությունից ու ձեր տղամարդուց:

4.ՇԱՏԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Միջին վիճակագրական հայ զույգը սեքսին անդրադառնում է երեկոյան: Այս փաստին ավելացնենք ուշ ժամի կուշտուկուռ ընթրելու (եթե ավելի հակաէսթետիկ բառ չօգտագործեմ) սովորությունը: Արդյունքում օրգանիզմը տանջահար զբաղված է ստամոքսով ու մարսելով եւ ոչ մի կերպ չի կենտրոնանում սեքսի ուղղությամբ: Ցանկալի է նախ քիչ ուտել, եւ հետո սեքսից նվազագույնը 3 ժամ առաջ: Օրգազմի հավանականությունը կմեծանա:

5.ՆԻԿՈՏԻՆ

Ընդամենը մի համեմատություն՝ կնոջ օրգազմը նման է ձիու, «մի կաթիլ» նիկոտին, եւ ահա օրգազմը տապալված է: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ օրական մի տուփ ծխախոտը անօրգազմիայի է հանգեցնում մեզնից 1/10-ին: Որոշեք ինքներդ՝ արժե փայփայելի օրգազմը վտանգել հանուն պսեւդոսեքսուալ ծխելու:

6.ԱԼԿՈՀՈԼ

Դե, այո, մի քանի սամբուկայից կամ տեկիլայից հետո մենք վերածվում ենք սեքս-գիշատիչների: Բանն այն է, որ խմելիս սպիրտի յուրացման համար հատուկ ֆերմենտ է  արտադրվում լյարդում, որը նաեւ սեռական հորմոններն է ակտիվացնում: Շատ շտապ որեւէ մեկին տրվելու ցանկությունն աճում է, ինչը չի կարելի այլ ցուցանիշների մասին ասել: Ալկոհոլը նաեւ անեսթեզիա է. մեր էրոգեն հատվածների զգայունությունը նվազում է, ու օրգազմի հասնելը վերածվում է մի աղոտ թիրախի:

7.ՓԱՓՈՒԿ ԱՐՋՈՒԿ

Հասանք իմ ամենասիրելի կետին… Հոգեվերլուծաբանները պնդում են, որ ննջասենյակում փափուկ խաղալիքների, մանկական իրերի ներկայությունը սեքսի ամենամեծ թշնամիներից են: Սա շատ տրամաբանական է. այս ողջ «մանկապարտեզը» մեզ գցում է մանկության ու հետեւաբար, այդ տարիքում սեքսուալ տաբուների գիրկը: Ամեն օր տեսնելով Միկկի Մաուսին կամ Մինիոնիկին՝ մենք հոգեբանորեն վերադառնում ենք 5 տարեկան աղջնակի վարքին: Իսկ ի՞նչ սեքսի ու առավել եւս  օրգազմի մասին կարող է խոսվել այս տարիքում: Իհարկե, ոչ մի:

Ահագին անելիք կա՝ ըստ թվարկված կետերի: Իհարկե, սեքսում մենք միայնակ չենք: Բայց կոնկրետ այս թշնամիները վերաբերում են միմիայն մեզ (հատկապես վերջին՝ իմ ամենասիրելի կետը):