Ամուսնու անտարբերությունը սպանիչ էր. Ախխխ, գոնե գոռար, հայհոյեր…

745

USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է «Կյանքը COVID-19-ից հետո․․․» թեմայով հակիրճ պատմվածքներ շարքից մի պատմություն:

Թագադրված սեր

Ամուսնու անտարբերությունը սպանիչ էր։ Ախխխ, գոնե գոռար , հայհոյեր, մի բան ասեր, բայց չէ, դանդաղ ազդող թույնի նման սպանում էր Սոնային։ Սիրտը ծանրացած էր, հոգին՝ դառնացած։ Ախր ինչու՞, որ մեղքի համար իրեն բաժին հասավ անսեր ամուսնությունը՝ միապաղաղ, ջղերը կրծող, հոգին մաշող։ Գոնե մի երեխա ունենային…Բաժանությունը փակված թեմա էր, ոչ մի կերպ ապահարզան չէր տալիս։ Սոնան խուսափում էր մարդաշատ վայրերից, չէր կարողանում նայել երջանիկ զույգերին, ակամայից արցունքները գլորվում էին աչքերից։ Չէ՛, դա նախանձ չէր, այլ այն գիտակցումը, որ ինքն այլևս կորցրել է երջանիկ լինելու, իրեն լիարժեք կին և մարդ զգալու հույսը։ Եվ ահա վատ երազի նման եկավ թագավարակը։ Սոնայի համար աշխարհն էլ ավելի նեղացավ, օդն ավելի պակասեց, շնչել չէր լինում։ Ամուսինը մնաց անգործ։ Ամբողջ օրը տանը նստած էր, միակ գործը հեռուստացույցի ալիքները փոխելն էր։ Ոչ մի շփում, ոչ մի հարաբերություն, կարծես երկուսն էլ անտեսանելի էին իրար համար։ Խելագարության հասցնող օրեր։ Միակ լավ բանը, որ կար դիմակն էր. Սոնան հաճախ էր դիմակը կիպ դնում ու նետվում դուրս՝ ազատություն տալու ներսում կուտակված զգացմունքներին, տաք արցունքները հորդում էին աչքերից, դիմակը քողարկում էր դեմքի տառապագին արտահայտությունը, ազատում ավելորդ բացատրություն տալու բեռից։ Ծնողները, հարազատները անտեղյակ էին Սոնայի խնդիրներից։ Բոլորի աչքին Սոնան ամենաերջանիկն էր. չնայած հոգեկան տառապանքներին՝ նա ծանոթ-բարեկամների մոտ ուժերի գերագույն լարումով փորձում էր անհոգ ու երջանիկ երևալ, ժպտալ։ Ի՜նչ լավ բան դուրս եկավ այս դիմակը, էլ ստիպված չի լինի ուժ գործադրել ժպտալու համար, ամեն ինչ քողարկված էր։ Միակ ապավենը Աստվածն էր։ Եկեղեցիները փակ էին։ Նստում էր նստարանին, աչքերը հառում երկնքին և ջերմագին աղոթում, Աստծուց մի ճար խնդրում։ Հուլիսյան մի տոթ օր՝ զովացնող ու կենարար անձրևի նման Սոնայի կյանք ներխուժեց Արամը։ Ամեն ինչ շատ պատահաբար եղավ. ֆեյսբուքյան մի պարզ բարևից Սոնան հասկացավ, որ ամբողջ կյանքում նրան էր սպասել. անբացատրելի հարազատության ու մոտիկության զգացում էր, որ Սոնային ստիպեց Արամի առջև բացել իր սիրտն ու հոգին, պատմել իր տառապանքների մասին, որ շնչահեղձ էին անում նրան։ Ախխխ, Սոնան պատրաստ էր ամբողջ կյանքում դիմակից շնչահեղձ լինել, բայց հոգով եւ սրտով լիաթոք շնչել։ Նույնիսկ վիրուսով վարակվելու վտանգը չվախեցրեց Սոնային, որ հանդիպի Արամին, հանի դիմակը, ցույց տա իր իսկական, չկեղծված ժպիտը, փայլող աչքերը, ամուր-ամուր փաթաթվի ու իր հոգում կուտակված ջերմությունը փոխանցի նրան։ Ինչքա՜ն քիչ բան է պետք մարդուն երջանիկ զգալու համար. կախարդական փայտիկի մի հարվածով աշխարհը դարձավ լուսավոր, մարդիկ՝ բարի, սիրելի։ Սոնան վերջապես ազատվեց սիրտը աքցանող կապանքներից։ Հոգին ճախրում էր, սիրտն անսովոր բաբախում, չէ՞ որ աստվածային զգացմունքն էր բույն դրել այնտեղ։ Դա եղավ Սոնայի ու Արամի միակ հանդիպումը։ Սոնային բավական էր ջերմ ու սրտացավ մի խոսքը, ամուր ձեռքսեղմումը, բայց Արամը այդքանով բավարարվողը չէր, պահանջեց ավելին։ Սոնան շատ լավ էր հասկանում նրան, բայց միանգամից վերջակետ դրեց. չէր կարող դեմ գնալ իր բարոյական սկզբունքներին, իր անարատ սերը դարձնել կրքի գերին։ Սկսեց տառապել։ Այս մեկն արդեն քաղցր տառապանք էր։ Բայց Սոնան շնորհակալ էր Արամից, չէ՞որ նա արթնացրել էր Սոնայի՝ տարիներով քնած հույզերն ու զգացմունքները, ստիպել նրան կրկին ժպտալ և ապրել։ Թագավարակը թագազրկվեց։ Աշխարհն ազատվեց այդ անողոք ու անտեսանելի բռնակալից։ Մարդիկ այդ ամիսները մղձավանջային երազի նման էին հիշում, բայց ոչ Սոնան. նրա համար 2020-ի հուլիսը դարձավ իր կյանքի ամենալուսավոր ամիսը։ Հոգին ջերմացնող սերը ապրում էր նրա սրտի մի տաքուկ անկյունում՝ թեկուզ և վերացական, թեկուզ և անիրական։ Սոնան սկսեց այլ աչքերով նայել ամուսնուն, աշխարհին, մարդկանց։ Սրտում բույնը դրած ջերմ զգացմունքը օգնեց, որ հալվի ամուսնու և իր միջև տարիներով ձևավորված սառցաբեկորը։ Շուտով կծնվի Սոնայի առաջնեկը…

**********************

Հակիրճ պատմվածքներ՝ «Կյանքը COVID-19-ից հետո․․․» թեմայով

Կարդացեք այս պատմությունը, որի հեղինակը Անի Դավթյանն է։

Խնդրում ենք մեկնաբանություններում գրել, թե ինչ կարծիք ունեք այս ստեղծագործության վերաբերյալ, որովհետև լավագույններին ընտրելու ենք նաև հաշվի առնելով ձեր կարծիքները, հավանումների և share-ների քանակը

Հաղթողին սպասվում է անակնկալ։

Հ․Գ․

Ստեղծագործություններ ուղարկելու վերջնաժամկետն ավարտվել է։